Выбрать главу

Սակայն Բրետշնայդերն ասաց, թե Շվեյկը կատարել է մի քանի հանցագործություններ, ի թիվս որոնց և պետական դավաճանություն։

Ապա երկուսով միասին նորից մտան պանդոկ, և Շվեյկը Պալիվեցին ասաց.

– Խմել եմ հինգ գավաթ գարեջուր, կերել երկու սոսիսկի և մի բուլկի։ Մի գավաթ սալորօղի էլ տվեք։ Արդեն գնալուս ժամանակն է, քանի որ ձերբակալված եմ։

Բրետշնայդերը Պալիվեցին ցույց տվեց իր արծիվը, մի րոպեի չափ նայեց պանդոկապետին և ապա հարցրեց.

– Ամուսնացա՞ծ եք։

– Այո։

– Իսկ ձեր բացակայության ժամանակ ձեր կինը կարո՞ղ է գործը վարել։

– Կարող է։

– Այդ դեպքում ամեն ինչ կարգին է,– ուրախացած ասաց Բրետշնայդերը։– Կանչեցեք ձեր կնոջը և բոլոր գործերը հանձնեցեք նրան։ Երեկոյան կգանք ձեզ տանելու։

– Դարդ մի՛ անի,– մխիթարեց Պալիվեցին Շվեյկը։– Ես ձերբակալված եմ ընդամենը պետական դավաճանության համար։

– Բայց ես ինչի՞ համար,– մղկտաց Պալիվեցը,– ախր ես այնպես զգույշ էի։

Բրետշնայդերը քմծիծաղ տվեց և հաղթականորեն ասաց.

– Նրա համար, որ ասացիք, թե իբր ճանճերը ծրտել են թագավոր կայսեր վրա։ Այդ թագավոր կայսրին ձեր մտքից հանել կտան։

Շվեյկը «Թասի մոտ» պանդոկից հեռացավ գաղտնի ոստիկանության գործակալի ուղեկցությամբ։ Երբ նրանք դուրս եկան փողոց, Շվեյկը նայեց նրա դեմքին ու հարցրեց իր բարեհամբույր ժպիտով.

– Մայթից ցած իջնե՞մ։

– Ինչի՞ համար։

– Իմ կարծիքով, քանի որ ձերբակալված եմ, իրավունք չունեմ մայթով քայլելու։

Երբ նրանք ներս էին մտնում ոստիկանական վարչության դարպասից, Շվեյկն ասաց.

– Լավ ժամանակ անցկացրինք։ Հաճա՞խ եք լինում «Թասի մոտ» պանդոկում։

Մինչ Շվեյկին տանում էին ոստիկանության գրասենյակ, «Թասի մոտ» պանդոկում պան Պալիվեցը գործերը հանձնում էր իր ողբացող կնոջը, յուրովի մխիթարելով նրան.

– Լաց մի՛ լինի, մի՛ զռա։ Ինձ ի՞նչ կարող են անել թագավոր կայսրի ծրտոտ պատկերի համար։

Այդպես սքանչելի ու հաճելի կերպով մտավ քաջարի զինվոր Շվեյկը համաշխարհային պատերազմի մեջ։ Պատմաբաններին կհետաքրքրի, թե նա ինչպես էր կարողացել կռահել այդքան հեռավոր ապագան։ Եթե հետագայում իրադարձությունները ծավալվեցին բնավ ոչ այնպես, ինչպես նա դրանք շարադրում էր «Թասի մոտ» պանդոկում, ապա պետք է նկատի ունենանք, որ Շվեյկը դիվանագիտական պատշաճ կրթություն չէր ստացել։

Քաջարի զինվոր Շվեյկը ոստիկանական վարչությունում

Սարաևոյի մահափորձը ոստիկանական վարչությունը լցրեց բազմաթիվ զոհերով։ Նրանց բերում էին իրար հետևից, և ձերբակալվածների ընդունման գրասենյակում նրանց դիմավորելով՝ ծերունի տեսուչը բարեհոգաբար ասում էր.

– Այդ Ֆերդինանդը ձեզ վրա թանկ կնստի։

Երբ Շվեյկին փակեցին առաջին հարկի բազմաթիվ խուցերից մեկում, նա այնտեղ գտավ վեց հոգուց բաղկացած մի ընկերախումբ։ Նրանցից հինգը նստած էին սեղանի շուրջը, իսկ անկյունի մահճակալի վրա, ասես բոլորից խորշելով, նստած էր վեցերորդը, միջին տարիքի մի տղամարդ։

Շվեյկն սկսեց նրանց իրար հետևից հարցուփորձ անել, թե ո՛ւմ ինչի համար են նստեցրել։ Սեղանի շուրջը նստած բոլոր հինգ կալանավորներից նա ստացավ գրեթե միևնույն պատասխանը․

– Սարաևոյի համար։

– Ֆերդինանդի համար։

– Էրցհերցոգի սպանության համար։

– Ֆերդինանդի պատճառով։

– Նրա համար, որ Սարաևոյում էրցհերցոգին խփել են։

Վեցերորդն ասաց, թե ինքը չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ այդ հինգ հոգու հետ, որպեսզի կասկածանքի տակ չընկնի․ ախր ինքն այդտեղ նստած է միայն այն պատճառով, որ կողոպտելու նպատակով փորձել է սպանել մի գալիցիացի գյուղացու։

Շվեյկը մոտեցավ ու նստեց դավադիրների կողքին, որոնք արդեն տասներորդ անգամն իրար պատմում էին, թե իրենցից ո՛վ ինչպես է ընկել այդտեղ։

Նրանք բոլորը, բացի մեկից, ձերբակալվել էին կամ պանդոկում, կամ գինետանը, կամ սրճարանում։ Բացառություն էր կազմում մի չափազանց չաղ, արցունքակալած աչքերով ակնոցավոր պարոն, որը ձերբակալվել էր իր բնակարանում, այն բանի համար, որ Սարաևոյի մահափորձից երկու օր առաջ «Բրեյշկիի մոտ» պանդոկում վճարել էր երկու սերբ ուսանող-տեխնիկների փոխարեն և, բացի դրանից, գործակալ Բրիկսին նրան հարբած վիճակում և նույն ուսանողների հետ տեսել էր Ռժետեզյան փողոցի «Մոնմարտր» պանդոկում, որտեղ, ինչպես հանցագործն արձանագրության մեջ հավաստել էր իր ստորագրությամբ, նա դարձյալ վճարել էր նրանց փոխարեն։

Ոստիկանական բաժանմունքում կատարված նախնական հետաքննության ժամանակ նա ի պատասխան բոլոր հարցերի ողբալով կրկնել էր միևնույն ստերեոտիպ նախադասությունը.

– Ես գրենական պիտույքների խանութ ունեմ։

Եվ ստացել էր նույնպիսի ստերեոտիպ պատասխան.

– Դա ձեզ չի արդարացնում։

Մյուսը, կարճահասակ մի պարոն, որին նույն անախորժությունը պատահել էր գինետանը, պատմության դասատու էր և գինետան տիրոջը պատմելիս էր եղել այլևայլ մահափորձերի պատմությունը։ Նրան ձերբակալել էին հենց այն պահին, երբ նա մահափորձի հոգեբանական ընդհանուր վերլուծությունն ավարտել էր հետևյալ բառերով.

– Մահափորձի գաղափարը պարզ է, ինչպես Կոլումբոսի ձուն։