Վրշովիցիի ֆարարը դեռ քնած էր և, երբ նրան արթնացրին, սկսեց հայհոյել, քունը գլխին կարծելով, թե ծիսակատարության են կանչում։
— Հանգիստ չեն տալիս իրենց այդ վերջին օծումով,— մրթմրթում էր նա, դժկամորեն հագնվելով։— Եվ խելքներին փչում է մեռնել հենց այն ժամանակ, երբ մարդ հենց նոր է քուն մտել։ Իսկ հետո էլ ե՛կ ու նրանց հետ վարձի մասին սակարկիր։
Եվ այդպես, նախասենյակում իրար հանդիպեցին, մի կողմից աստծո ներկայացուցիչը Վրշովիցիի աշխարհական կաթոլիկների մոտ և, մյուս կողմից, զինվորական գերատեսչությանը կից աստծո երկրային ներկայացուցիչը։ Իսկապես ասած, դա աշխարհիկ մարդու և զինվորականի վեճ էր։ Եթե ծխական քահանան պնդում էր, թե երթային բեմը չպետք է գտնվեր դիվանի մեջ, ապա զինվորական քահանան ասում էր, թե համենայն դեպս չէր կարելի բեմը դիվանի միջից հանել ու տեղափոխել այն եկեղեցու խորանը, ուր միայն քաղաքացիներ են հաճախում։
Շվեյկն այդ խոսակցության ընթացքում զանազան դիտողություններ էր անում, ինչպես, օրինակ, թե, իհարկե, հեշտ է աղքատիկ եկեղեցին զարդարել զինվորական գույքի հաշվին, ըստ որում «աղքատիկ» բառն արտասանեց մի տեսակ չակերտների մեջ առած։
Ի վերջո, նրանք մտան եկեղեցու խորանը, և ֆարարը երթային բեմը հանձնեց ֆելդկուրատին, նրանից վերցնելով այսպիսի մի ստացական.
«Ստացա երթային բեմը, որը պատահմամբ ընկել էր Վրշովիցիի տաճարը։ Ֆելդկուրատ Օտտո Կաց»։
Չարաբաստիկ երթային բեմը պատրաստել էր Վիեննայի հրեական Մորից Մալեր ֆիրման, որն արտադրում էր ժամասացության և կրոնական պետքերի համար անհրաժեշտ ամեն տեսակ իրեր, ինչպես, օրինակ, տերողորմյաներ ու սրբապատկերներ։ Բեմը բաղկացած էր երեք փեղկերից և զօծված էր կեղծ ոսկեջրով, ինչպես եկեղեցու ամբողջ փառքը։ Առանց վառ երևակայություն ունենալու բոլորովին հնարավոր չէր որոշել, թե իսկապես ի՞նչ էր նկարված այդ երեք փեղկերի վրա։ Պարզ էր միայն, որ այդ բեմը նույնպիսի հաջողությամբ կարող էին օգտագործել նաև Զամբեզիայի հեթանոսները կամ բուրյաթների ու մոնղոլների շամանները։ Ճչացող գույներով նախշած այդ բեմը հեռվից նման էր երկաթուղայինների տեսողությունը ստուգելու գունավոր աղյուսակի։
Պարզորոշ երևում էր միայն ինչ-որ մերկ մարդու կերպարանք՝ գլխի շուրջը լուսապսակ, մարմինը՝ կանաչավուն, ինչպես նեխած ու քայքայված սագի ազդրամաս։ Թեև այդ սրբին ոչ ոք ոչ մի վատ բան չէր անում, այլ, ընդհակառակը, նրա երկու կողքերին գտնվում էին երկու թևավոր էակներ, որոնք պետք է հրեշտակներ ներկայացնեին,— նկարը դիտողի վրա այնպիսի տպավորություն էր թողնում, թե կարծես տկլոր սուրբը իրեն շրջապատողներից սարսափած՝ գոռում է։ Բանն այն է, որ հրեշտակները նման էին հեքիաթային հրեշների, թևավոր վայրի կատվի և հայտնության հրեշի միջինը հանդիսացող ինչ-որ բանի։
Բեմի մյուս կողմի փեղկի վրա կար մի պատկեր, որն հավակնում էր ներկայացնել երրորդությունը։ Նկարչին ընդհանուր առմամբ հաջողվել էր աղավնուն այնքան էլ չփչացնել։ Նա նկարել էր մի թռչուն, որը նույնքան նման էր աղավնու, որքան և սպիտակ հավի։
Բայց դրա փոխարեն հայր-աստվածը նման էր վայրի արևմուտքի այն ավազակին, որ հասարակությանը հրամցնում են ամերիկյան հետաքրքրաշարժ արյունալի ֆիլմերը։
Աստվածորդին, ընդհակառակը, ներկայացված էր որպես զվարթ երիտասարդ, բավական պատկառելի փորով, որը ծածկված էր լողատրուսիկի նման մի բանով։ Ընդհանուր առմամբ աստվածորդին նման էր սպորտսմենի, նա խաչն այնպես էլեգանտ կերպով էր բռնել, որ կարծես այն թենիսի ռակետա լիներ։ Հեռվից ամբողջ երրորդությունը ճապաղվում էր, և նայողին թվում էր, թե գնացք է մտնում ծածկված կայարանը։
Թե իրենից ինչ էր ներկայացնում երրորդ սրբապատկերը, բնավ չէր կարելի հասկանալ։
Պատարագի ժամանակ զինվորները շարունակ վիճում էին, ջանալով լուծել այդ ռեբուսը։ Նրանցից մեկը նույնիսկ սրբապատկերի վրա ճանաչել էր Պոսազավի շրջանում ապրող իր մի հայրենակցուհուն։ Այնուամենայնիվ այդ սրբապատկերի տակ գրված էր. «Սուրբ Մարիամ աստվածածին, ողորմյա մեզ»։
Շվեյկը երթային բեմը բարեհաջող կերպով զետեղեց կառքի մեջ, իսկ ինքը տեղ գրավեց նստիքի վրա, կառապանի կողքին։ Ֆելդկուրատը հարմար նստեց ու ոտքերը դրեց սուրբ երրորդության վրա։
Շվեյկը կառապանի հետ շաղակրատում էր պատերազմի մասին։ Կառապանը խռովարար դուրս եկավ, զանազան դիտողություններ արեց ավստրիական զենքի անպարտելիության վերաբերմամբ, ինչպես, օրինակ. «Ուրեմն, Սերբիայում ձեզ ոնց որ պետք է դնգստել են» և այլն։
Պարենային ուղեկալն անցնելիս պահակի այն հարցին, թե նրանք ինչ են տանում, Շվեյկը պատասխանեց.
— Սուրբ երրորդություն, կույս Մարիամ և ֆելդկուրատ։
Այդ միջոցին վարժադաշտում երթային վաշտերն անհամբեր սպասում էին նրանց։ Ստիպված էին երկար սպասել։ Շվեյկն ու ֆելդկուրատը նախ գնացին պորուչիկ Վիտինդերից մրցանակային գավաթը խնդրելու, ապա գնացին Բրժևնովի վանքը՝ մասնատուփ և պատարագի համար անհրաժեշտ այլ առարկաներ, այդ թվում մի շիշ եկեղեցական գինի վերցնելու։
Դե՛հ, իհարկե, դաշտային պատարագ կատարելն այնքան էլ հեշտ բան չէ։