– Ճիշտ այնպես, ինչպես և այն, որ ձեզ Պանկրաց է սպասում,– լրացրել էր նրա եզրակացությունը ոստիկանական կոմիսարը հարցաքննության ժամանակ։
Երրորդ դավադիրը Գոդկովիչիի «Բարեսեր» բարեգործական խմբակի նախագահն էր։ Մահափորձի օրը «Բարեսերը» զբոսայգում նվագով զբոսանք է կազմակերպած եղել։ Եկել է ժանդարմական վախմիստրը և պահանջել, որ նրանք ցրվեն, քանի որ Ավստրիան սուգի մեջ է։ Այնժամ «Բարեսերի» նախագահը բարեհոգաբար ասել է.
– Մի րոպե սպասեցեք, մինչև որ նվագեն-վերջացնեն «Հե՛յ, սլավոններ» հիմնը։
Այժմ նա նստած էր գլուխը կախ և մղկտում էր.
– Օգոստոսին կայանալու են նախագահության վերընտրությունները։ Եթե ես տանը չլինեմ, կարող է պատահել, որ ինձ չընտրեն։ Արդեն տասը տարի անընդմեջ ինձ նախագահ են ընտրել։ Ես այդ խայտառակությանը չեմ դիմանա։
Հանգուցյալ Ֆերդինանդը զարմանալի խաղ էր խաղացել չորրորդ կալանավորի գլխին, որի մասին հարկ է ասել, որ սրտաբաց և անբասրելի ազնիվ մի անձնավորություն էր։ Ամբողջ երկու օր նա խուսափել էր Ֆերդինանդի մասին որևէ բան խոսելուց և միայն երեկոյան սրճարանում «ինը» խաղալիս ագուռի յոթանոցը հաղթաթղթով խփելով ասել էր.
– Ցո՛թ գնդակ, ինչպես Սարաևոյում։
Հինգերորդը, ինչպես ինքն էր խոստովանում, նստած էր «էրցհերցոգին Սարարևոյում խփելու գործի պատճառով»։ Եվ այսօր նրա մազերը սարսափից բիզ-բիզ էին կան գնել, և մորուքն այնպես էր փշաքաղվել, որ գլուխը նմանվել էր փռչոտ պինչերի։ Նա ձերբակալվել էր ռեստորանում, որտեղ բերանից ոչ մի խոսք չէր հանել, նույնիսկ չէր կարդացել Ֆերդինանդի սպանության լուրը հաղորդող թերթերը։ Նա մեն-մենակ նստած է եղել սեղանի մոտ, երբ հանկարծ մոտեցել է մի պարոն, նստել նրա դիմաց և հապշտապ հարցրել.
– Կարդացե՞լ եք այդ մասին։
– Ոչինչ չեմ կարդացել։
– Լսե՞լ եք։
– Ո՛չ, չեմ լսել։
– Իսկ գիտե՞ք բանն ինչ է։
– Չգիտեմ և չեմ ուզում իմանալ։
– Բայց և այնպես դա ձեզ պետք է հետաքրքրեր։
– Չգիտեմ, ի՞նչ հետաքրքիր բան կա դրա մեջ։ Ես, ահավասիկ, կծխեմ մի սիգար, կխմեմ մի քանի գավաթ գարեջուր և կընթրեմ։ Իսկ թերթ չեմ կարդում։ Թերթերը փչում են։ Ինչի՞ համար ջղերս քայքայեմ։
– Ուրեմն, ձեզ չի հետաքրքրում նույնիսկ այդ Սարաևոյի սպանությո՞ւնը։
– Ինձ առհասարակ ոչ մի սպանություն չի հետաքրքրում։ Կուզի եղած լինի Պրագայում, Վիեննայում, Սարաևոյում կամ Լոնդոնում։ Դրա համար կան համապատասխան հիմնարկություններ, դատարաններ, ոստիկանություն։ Եթե մի տեղ մեկին սպանում են, ուրեմն՝ այդպես էլ պետք է։ Բերանբաց ու անճարակ մի եղիր և թույլ մի տուր քեզ սպանեն։
Դրանք էին եղել նրա վերջին խոսքերը։ Այդ պահից ի վեր նա ամեն հինգ րոպեն մեկ բարձրաձայն կրկնում էր.
– Ես մեղավո՜ր չեմ, ես մեղավո՜ր չեմ։
Այդ բառերը նա բղավելով ասել էր ոստիկանական վարչության դարպասից ներս մտնելիս։ Եվ նույն այդ բառերն է կրկնելու, երբ նրան տանեն Պրագայի քրեական դատարան։ Այդ բառերը կրկնելով էլ կմտնի իր բանտախուցը։
Լսելով այդ բոլոր դավադրական զարհուրելի պատմությունները, Շվեյկը տեղին համարեց կալանավորներին պարզաբանել նրանց կացության ողջ անհուսալիությունը։
– Մեր բանը բուրդ է,– սկսեց նա իր մխիթարանքի խոսքը։– Ճիշտ չէ, թե ձեզ, մեզ բոլորիս, դրա համար ոչինչ չեն անի։ Հապա ոստիկանությունը ինչացո՞ւ է, եթե մեզ չպիտի պատժի մեր երկար լեզուների համար։ Քանի որ այնպիսի անհանգիստ ժամանակ է եկել, որ էրցհերցոգների վրա են կրակում, ապա չպետք է զարմանալ, որ մարդու ոստիկանատուն են տանում։ Այդ ամենը շուքի համար է, նրա համար, որ թաղումից առաջ Ֆերդինանդի համար ռեկլամ անեն։ Ինչքան մեզպես մարդիկ շատ հավաքվեն այստեղ, այնքան ավելի լավ մեզ համար, ավելի ուրախ կլինի։ Երբ ես զինվորական ծառայության մեջ էի, մի անգամ մեր վաշտի կեսը նստեցրին։ Իսկ ինչքա՜ն անմեղներ են դատապարտվել ոչ միայն զինվորական ծառայության մեջ, այլև քաղաքացիական դատարանների կողմից։ Հիշում եմ, մի անգամ մի կնոջ դատապարտեցին իր նորածին երկվորյակներին խեղդելու համար։ Թեև նա երդվում էր, թե երկվորյակներ խեղդել չէր կարող, քանի որ միայն մի աղջիկ է ծնել, որին կարողացել է խեղդել առանց որևէ ցավ պատճառելու, այնուամենայնիվ նրան դատապարտեցին երկու մարդ սպանած լինելու համար։ Կամ վերցնենք, օրինակի համար, Զաբեգլիցիում ապրող այն անմեղ գնչուին, որը ծննդյան տոնի գիշերը ներխուժել էր մի մանրավաճառի խանութ։ Նա երդվում էր, որ տաքանալու համար է մտել, բայց դա նրան չօգնեց։ Ընկել ես արդարադատության ձեռքը, ուրեմն բանդ բուրդ է։ Վատ է, բայց ի՞նչ արած։ Բայց և այնպես պետք է խոստովանել, որ բոլորն էլ այնպիսի սրիկաներ չեն, ինչպես կարելի է կարծել։ Սակայն ներկայումս կարգին մարդուն սրիկայից ինչպե՞ս տարբերես, այն էլ այնպիսի մի ժամանակ, երբ, ահա, թխկացրել են նույնիսկ Ֆերդինանդին։ Մեզ մոտ էլ, երբ ես Բուդեյովիցիում զինվորական ծառայության մեջ էի, մի անգամ վարժադաշտի հետևի անտառում մի շուն խփեցին։ Իսկ դա կապիտանի շունն էր։ Երբ կապիտանն իմացավ, բոլորիս կանչեց, շարք կանգնեցրեց ու ասաց, «Յուրաքանչյուր տասներորդը թող առաջ գա»։ Ինչ ասել կուզի, ես տասներորդ դուրս եկա։ Ձգվեցինք և կանգնեցինք «զգաստ» ու «անթարթ»։ Կապիտանը գնում-գալիս է մեր առաջ ու գոռում․ «Ավարանե՛ր, սրիկանե՛ր, խուժաննե՛ր, բծավոր բորենինե՛ր։ Այդ շան համար ձեզ բոլորիդ հարկավոր է կարցեր նստեցնել, կտոր-կտոր անել, գնդակահարել, ձեզնից ծեծած կոտլետներ պատրաստել։ Դուք իմ ձեռքից չեք պրծնի, բոլորդ էլ երկու շաբաթ արձակում չեք ստանա․․․»։ Տեսնո՞ւմ եք, այն ժամանակ պատճառը մի շնիկ էր, իսկ հիմա՝ էրցհերցոգն ինքը։ Հիմա հարկավոր է մարդկանց սիրտը ահ գցել, որ սուգը սուգի պես լինի։