– Դուրս,– բղավեց գազանադեմ պարոնը։
Երբ Շվեյկին գրասենյակից դուրս էին հանում, նա ասաց․
– Բարի գիշեր, ձերդ ողորմածություն։
Վերադառնալով իր խուցը, Շվեյկը կալանավորներին հայտնեց, թե դա հարցաքննություն չի, այլ իսկը ծիծաղ. վրադ մի քիչ կգոռան, վերջն էլ դուրս կանեն։
– Առաջ շատ ավելի վատ է եղել,– ասաց Շվեյկը։– Ես մի գրքի մեջ կարդացել եմ, որ մեղադրյալներն իրենց անմեղությունն ապացուցելու համար պետք է բոբկանց քայլեին շիկացած երկաթի վրայով կամ հալած արճիճ խմեին։ Իսկ մեղքը չխոստովանողի ոտքերին իսպանական կաղապարներ էին հագցնում ու պրկում գելոցով և կամ կողերն այրում հրձիգ կերոնով, ինչպես, օրինակ, վարվել են սուրբ Յան Նեպոմուցկու հետ։ Նա, ասում են, այդ ժամանակ այնպես էր բղավում, որ կարծես դանակով մորթում էին, և այնքան է բղավել, մինչև որ, անջրաթափանց պարկի մեջ դրած, ցած են նետել Էլիշկինի կամուրջից։ Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Իսկ հետո, մարդու քառատում էին և կամ ցից հանում թանգարանի մոտ։ Իսկ եթե հանցագործին ընդամենը գցում էին փոսի մեջ, որ այնտեղ սովամահ լիներ, ապա նա իրեն նորից ծնված էր համարում։ Հիմա բանտ նստելն ուղղակի հաճույք է,– գովաբանում էր Շվեյկը։– Ո՛չ մի քառատում, ո՛չ մի կաղապար։ Մահճակալ ունենք, սեղան ունենք, նստարաններ ունենք, տեղ շատ կա, մեզ կերակուր հասնում է, հաց տալիս են, կոտով ջուր են բերում, արտաքնոցը ուղղակի քթիդ տակ է։ Ամեն ինչում առաջադիմություն է նկատվում։ Ճիշտ է, հարցաքննության համար հեռու պիտի գնաս, երեք սանդուղք պիտի բարձրանաս, հասնես հաջորդ հարկը, բայց, դրա փոխարեն, սանդուղքների վրա մաքրություն ու կյանք կա։ Մեկին այստեղ են տանում, մյուսին՝ այնտեղ։ Մեկը ջահել է, մյուսը՝ ծեր, մեկը տղամարդ, մյուսը՝ կին։ Ուրախանում ես, որ համենայն դեպս մենակ չես այստեղ։ Ամեն մեկն հանգիստ գնում է իր ճանապարհով, և ստիպված չէ վախենալ, որ գրասենյակում նրան կասեն. «Մենք խորհրդակցեցինք, և վաղը ձեզ կքառատեն կամ կայրեն, նայած թե դուք ձեր հոժար կամքով դրանցից որը կընտրեք»։ Ծանր ընտրություն է եղել դա։ Ես կարծում եմ, պարոնայք, որ այդ պահին մեզնից շատերը քար կկտրեին։ Այո՛, հիմա պայմանները բարելավվել են մեր օգտին։
Շվեյկը նոր էր ավարտել իր պաշտոնական ճառը հօգուտ ժամանակակից բանտային պայմանների, երբ վերակացուն դուռը բացեց ու գոռաց.
– Շվե՛յկ, հագնվեցեք և գնացեք հարցաքննության։
– Կհագնվեմ,– պատասխանեց Շվեյկը,– դեմ չեմ։ Բայց վախենում եմ, որ այստեղ մի թյուրիմացություն կա։ Ինձ արդեն մի անգամ հարցաքննությունից վռնդել են։ Եվ, բացի դրանից, վախենում եմ, որ մի գուցե այստեղ նստած մնացած պարոնները վրաս բարկանան, որ ես արդեն երկրորդ անգամ եմ գնում հարցաքննության, իսկ իրենք այս երեկո դեռ ոչ մի անգամ այնտեղ չեն եղել։ Նրանք կարող են ինձնից նեղանալ։
– Դուրս կորչել և ափեղցփեղ չխոսել,– եղավ Շվեյկի ցուցաբերած ջենտլմենության պատասխանը։
Շվեյկը նորից հայտնվեց ոճրագործի դեմքով պարոնի առաջ, որն առանց որևէ այլևայլության խստաբար ու վճռականորեն հարցրեց.
– Ամեն ինչ խոստովանո՞ւմ եք։
Շվեյկն իր բարի կապույտ աչքերը հառեց անողոք մարդու վրա ու մեղմորեն ասաց.
– Եթե դուք ցանկանում եք, ձերդ ողորմածություն, որ խոստովանեմ, ապա խոստովանում եմ։ Դա ինձ վնաս չի տա։ Սակայն եթե ասեք, թե՝ «Շվեյկ, ոչինչ մի խոստովանեք», ապա մինչև վերջին շունչս կաշխատեմ դուրս պրծնել։
Խստաբարո պարոնը ինչ-որ բան գրեց արձանագրության մեջ և, գրիչը տալով Շվեյկին, նրան ասաց, որ ստորագրի։
Եվ Շվեյկը ստորագրեց Բրետշնայդերի ցուցմունքները և հետևյալ հավելումը.
«Իմ դեմ հարուցված վերոնշյալ բոլոր մեղադրանքները համարում եմ իրավացի: Յոզեֆ Շվեյկ»։
Թուղթը ստորագրելուց հետո Շվեյկը դիմեց խստաբարո պարոնին․
– Էլի որևէ բան ստորագրե՞մ։ Կամ գուցե առավոտյան գամ։
– Առավոտյան ձեզ կտանեն քրեական դատարան,– եղավ պատասխանը։
– Իսկ ո՞ր ժամին, ձերդ ողորմածություն, որպեսզի, աստված չանի, քնով չընկնեմ։
– Դո՛ւրս,– երկրորդ անգամ լսվեց սեղանի մյուս կողմից։
Վերադառնալով իր նոր, երկաթյա վանդակապատ ով շրջափակված օջախը, Շվեյկն ասաց իրեն ուղեկցող պահակին.
– Այստեղ ամեն ինչ հեշտ ու սահուն են անում։
Հենց որ դուռը փակեցին Շվեյկի հետևից, կալանակիցներն սկսեցին նրա վրա բազմատեսակ հարցեր տեղալ, որոնց նա պատասխանեց պարզ ու որոշ.
– Հենց նոր ես խոստովանեցի, որ թերևս էրցհերցոգ Ֆերդինանդին ես եմ սպանել։
Վեց մարդ միանգամից սարսափահար թաքնվեցին ոջլոտ վերմակների տակ։
Միայն բոսնիացին ասաց.
– Ապրես։
Տեղավորվելով մահճակալի վրա, Շվեյկը նկատեց.
– Վատ է, որ մենք զարթուցիչ ժամացույց չունենք։ Այնուամենայնիվ, առավոտյան նրան արթնացրին առանց զարթուցիչի էլ, և ուղիղ ժամը վեցին Շվեյկին բանտի կառեթով արդեն տանում էին քրեական դատարան։
– Ուշ քնած թռչունն աչիկներն է տրորում, իսկ շուտ քնածն արդեն իր երգն է ճռվողում,– ասաց Շվեյկն իր ուղեկիցներին, երբ կանաչ Անտոնը դուրս էր գալիս ոստիկանական վարչության դարպասից։
Շվեյկը դատական բժիշկների առաջ
Մարզային քրեական դատարանի բարեհարմար սենյակները Շվեյկի վրա շատ բարենպաստ տպավորություն գործեցին, տպավորիչ էին սպիտակեցրած պատերը, սև, մաքրած վանդակաճաղերը և նա ինքը՝ հաստլիկ պան Դեմերտինին – նախաքննական բանտի ավագ վերակացուն իր մանիշակագույն լամբակներով ու համազգեստային գլխարկի մանիշակագույն կանտով։ Մանուշակի գույնն ընդունված է ոչ միայն այստեղ, այլև եկեղեցում՝ մեծ պասի չորեքշաբթի և ավագ չարչարանաց շաբաթվա ուրբաթ օրերի ծեսերը կատարելիս։