Выбрать главу

Կրկնվում էր այն հռչակավոր պատմությունը, որ տեղի էր ունենում Երուսաղեմի վրա հռոմեացիների տիրապետության ժամանակ։ Կալանավորներին դուրս էին բերում և նկուղում կանգնեցնում 1914 թվի Պիղատոսների առաջ, իսկ քննիչները, այդ ժամանակակից Պիղատոսները, իրենց ձեռքներն ազնվաբար լվանալու փոխարեն, «Տեսսիգ»-ից բերել էին տալիս կարմիր պղպեղի սոուսով համեմած տապակա և պլզենյան գարեջուր ու նորանոր նյութեր ուղարկում պետական դատախազություն։

Այստեղ հաճախ անհետանում էր ամենայն տրամաբանություն և հաղթանակում էր պարագրաֆը, խեղդում էր պարագրաֆը, ապշանում էր պարագրաֆը, փնչացնում էր պարագրաֆը, ծիծաղում էր պարագրաֆը, սպառնում էր պարագրաֆը, սպանում ու չէր ներում պարագրաֆը։ Այդ մարդիկ օրենքների ձեռնածուներ էին, օրենքի մեռյալ տառի քուրմեր, մեղադրյալներին խժռողներ, ավստրիական ջունգլիների վագրեր, որոնք մեղադրյալի վրա կատարելիք իրենց ոստյունի չափը որոշում էին ըստ պարագրաֆների թվի։

Բացառություն էին կազմում մի քանի հոգի (ճիշտ այնպես, ինչպես և ոստիկանական վարչությունում), որոնք օրենքը բանի տեղ չէին դնում։ Քանզի մոլախոտերի մեջ էլ միշտ ցորյան է լինում։

Հենց այդպիսի պարոններից մեկի մոտ էլ հարցաքննության տարան Շվեյկին։ Նա մի տարեց, բարեհոգի մարդ էր, որը մի ժամանակ հարցաքննելով հայտնի մարդասպան Վալեշին՝ շարունակ նրան առաջարկել էր. «Խնդրեմ, նստեցեք, պարո՛ն Վալեշ, ահա ազատ աթոռ»։

Երբ Շվեյկին բերին, դատավորն իրեն հատուկ սիրալիրությամբ նրան խնդրեց նստել ու ասաց.

– Ուրեմն, դո՞ւք եք այդ Շվեյկը։

– Կարծում եմ, որ ես պիտի լինեմ,– պատասխանեց Շվեյկը,– քանի որ և՛ հայրիկս էր Շվեյկ, և՛ մայրիկս էր պանի Շվեյկ։ Ես չեմ կարող նրանց խայտառակել ու ազգանունս ուրանալ։

Մի սիրալիր ժպիտ սահեց դատաքննիչի դեմքի վրայով։

– Լա՜վ բաներ եք արել դուք այստեղ։ Ձեր խղճի վրա շատ բան կա։

– Իմ խղճի վրա միշտ էլ շատ բան է եղել,– ասաց Շվեյկը, ժպտալով ավելի սիրալիր, քան պարոն դատաքննիչը։– Իմ խղճի վրա, թերևս, ավելի շատ բան կա, քան ձեր խղճի վրա, ձերդ ողորմածություն։

Ծերուկը նորից սիրալիր ժպտաց։

– Դա երևում է այս արձանագրությունից, որը ստորագրել եք,– ոչ պակաս սիրալիր տոնով շարունակեց դատաքննիչը։– Արդյոք ոստիկանատանը ձեզ վրա ճնշում չե՞ն գործադրել։

– Ի՜նչ եք ասում, ձերդ ողորմածություն: Ես ինքս նրանց հարցրի, թե պե՞տք է ստորագրեմ, և երբ ինձ ասացին՝ պետք է, հնազանդվեցի։ Հո ստորագրությանս համար հետները կռիվ չպիտի անեի։ Դա, անշուշտ, ինձ օգուտ չէր բերի։ Ամեն գործի մեջ պետք է կարգ ու կանոն լինի։

– Դուք ձեզ, պան Շվեյկ, միանգամայն առո՞ղջ եք զգում։

– Չեմ կարող ասել միանգամայն առողջ, ձերդ ողորմածություն, ռևմատիզմ ունեմ, ծնկներիս օպոդելդոկ եմ քսում։

Ծերուկը նորից սիրալիր ժպտաց։

Իսկ ի՞նչ կասեիք, եթե ձեզ ուղարկեինք դատական բժիշկների մոտ։

— Կարծում եմ, վիճակս այնքան էլ վատ չէ, որ պարոն բժիշկներն ինձ համար ժամանակ վատնեն։ Ոստիկանական վարչությունում ինձ մի բժիշկ արդեն քննել է, թե հո տրիպեր չունեմ։

– Գիտեք ինչ, Շվեյկ, մենք այնուամենայնիվ կփորձենք դիմել դատական բժիշկներին։ Մի լավ հանձնաժողով կընտրենք, ձեզ նախնական կալանքի տակ կառնենք, իսկ դուք այդ միջոցին մի լավ կհանգստանաք։ Արձանագրությունից հետևում է, որ իբր լուրեր եք տարածել, թե շուտով պատերազմ կծագի։

– Կծագի, ձերդ ողորմածություն պարոն խորհրդական, շատ շուտով կծագի։

– Արդյոք ընկնավորությամբ չե՞ք տառապում։

– Կներեք, չեմ տառապում։ Ճիշտ է, մի անգամ Կարլի հրապարակում մազ մնաց ընկնեի, երբ ինձ մի ավտոմոբիլ կպավ։ Բայց դա շատ տարիներ առաջ էր։

Դրանով հարցաքննությունն ավարտվեց։ Շվեյկը թոթվեց դատաքննիչի ձեռքը և, վերադառնալով իր խուցը, հարևաններին ասաց.

– Այսպիսի բան. դուրս է գալիս, որ էրցհերցոգ Ֆերդինանդի սպանության պատճառով դատական բժիշկները ինձ պետք է քննեն։

– Դատական բժիշկներն ինձ էլ քննեցին,– ասաց մի երիտասարդ, – երբ գորգեր գողանալու համար կանգնեցի երդվյալներրի առաջ։ Գտան, որ տկարամիտ եմ։ Հիմա ծախել-խմել եմ մի շոգեկալսիչ, բայց դրա համար ինձ ոչինչ չեն անի։ Երեկ փաստաբանս ասաց, որ եթե ինձ արդեն մի անգամ տկարամիտ են համարել, ապա դա ինձ ցմահ պետք կգա։

– Այդ դատական բժիշկներին ես բոլորովին չեմ վստահում,– ասաց ինտելիգենտի տեսք ունեցող մի պարոն։– Երբ ես մուրհակներ էի կեղծում, ի դեպ ամենայնի հաճախում էի պրոֆեսոր Հեվերոխի դասախոսություններին։ Վերջ ի վերջո ինձ բռնեցին, և ես կաթվածահար էի ձևանում ճիշտ այնպես, ինչպես այդ կաթվածահարներին նկարագրում էր պրոֆեսոր Հեվերոխը. կծեցի հանձնաժողովի մեջ մտնող դատական բժիշկներից մեկի ոտքը, խմեցի թանաքամանի միջի թանաքը և ամբողջ հանձնաժողովի աչքի առաջ, ներեցեք անհամեստությանս, պարոնա՛յք, սենյակի անկյունում էն իք արի։ Բայց հենց նրա համար, որ կծել էի հանձնաժողովի անդամներից մեկին, ինձ միանգամայն առողջ համարեցին, և դա ինձ կործանեց։